ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության՝ 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) համապատասխան տարածք, տեղեկացնում են Ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է է, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։
«Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։
Ավելի վաղ հայտնել էին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացին ներքին օրգանների 20 տոկոս, արտաքին՝ 60 տոկոս այրվածքներ է ստացել։
Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ` Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։