Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք անկեղծորեն աջակցում են Հայաստանին և Ռուսաստանին, հանդիսանում են երկու երկրները միավորող հոգևոր կորիզ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Ռուսաստանը կոչով դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին. Պեսկով
Նա ընդգծել է, որ այդ շահերն ընդհանուր են։ Դեսպանը նշել է, որ չնայած այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, երկրների փոխգործակցությունն ավելի խորն ու բազմակողմանի է, ու դրանց արմատները գնում են դարերի խորքեր։
«Շատ կարևոր է, որ այս դարերի ընթացքում հայկական և ռուսական կողմից միշտ եղել և մնում են մարդիկ, որոնք խորապես հոգ են տանում մեր հարաբերությունների մասին, որոնք անկեղծ սիրով են վերաբերվում մի կողմից Հայաստանին, հայ ժողովրդին, մյուս կողմից ` Ռուսաստանին, ռուս ժողովրդին», - ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ դրանք այն մարդիկ են, որոնք միավորում են երկու երկրները և կազմում դրա հոգևոր կորիզը։
Կոպիրկինը վստահ է, որ չնայած երկու երկրների առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, այդ կորիզը բավականաչափ ամուր է, որպեսզի երկկողմ հարաբերությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, և ժողովուրդները շարունակեն ապրել և գործել միասին՝ պահպանելով մշակութային և հոգևոր ընդհանուր ավանդույթները։
Գործերը՝ PR-ի փոխարեն. դեսպանը բացատրել է Հայաստանում Ռուսաստանի գործելաոճը
Դեսպանն ընդգծել է նաև համալսարանի դերը երկու երկրների հումանիտար և մշակութային զարգացման գործում։