Գործերը՝ PR-ի փոխարեն. դեսպանը բացատրել է Հայաստանում Ռուսաստանի գործելաոճը

Սերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ հնարավոր է՝ Ռուսաստանը սովոր չէ զբաղվել ավելորդ PR-ով այն մասին, թե ինչ է նա անում Հայաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ավանդականորեն Ռուսաստանը առանձնապես չի սիրում PR անել այն ամենը, ինչ անում է Հայաստանում և Հայաստանի համար՝ գերադասելով իրական գործերը, ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վ․ Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
Դիվանագետը համաձայնել է հանդիպման մասնակիցներից մեկի դիտարկմանը, որ ավանդաբար Ռուսաստանի մոտեցումն այսպիսին է՝ նա չի խոսում կամ միշտ չէ, որ խոսում է այն ամենի մասին, ինչ անում է Հայաստանում, Հայաստանի հետ և Հայաստանի համար։
«Մենք ավանդաբար նման գործունեությունը որպես PR-ի տարր չենք դիտարկել։ Մեզ համար Հայաստանն ու հայ ժողովուրդը եղբայրներ են, մեզ շատ բան է կապում։ Հայերը կազմում են ռուսական հասարակության զգալի մասը, բավական ազդեցիկ մասը։ Եվ բնականաբար, մեզ համար շատ դժվար է ինչ-որ կերպ խզել այդ կապերը։ Հավանաբար, մենք սովոր չենք նման PR-ով զբաղվել ու ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ, ու դա չի համապատասխանում մեր մտածելակերպին», - ավելացրեց Կոպիրկինը։
Գուցե նման մոտեցումը միշտ չէ, որ ծառայում է գործին, բայց Ռուսաստանը ուշադրություն է դարձնում իր աշխատանքի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ամեն դեպքում, հիմնական շեշտը դրվում է ոչ թե PR բաղադրիչի, այլ իրական բովանդակության վրա։