«Բացառվում է, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեմ այս թեման». Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյան
ՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է, որ իր միջոցներով է բնակարանով ապահովել 5 ընտանիքի, որպեսզի կարողանա կառուցել «Սիլ պլազան»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իրեն պատկանող շենքի սեփականաշնորհման օրինականության հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մտադրություն չունի։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հայց է հարուցել վարչական դատարան` վիճարկելու Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնի («Սիլ պլազա» - խմբ.) սեփականաշնորհման օրինականությունը։
«Բացառվում է, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեմ այս թեման, նշանակում է հաջորդ օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ։ Ես ինձ թույլ չեմ տա»,– շեշտեց պատգամավորը։
ՔՊ–ական պատգամավորը նշեց` երջանիկ է և ուրախ, որ պետական մարմինները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 25 տարի առաջ։
«Ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս, ես գիտեմ` մեր համակարգը ինչպիսին է, հնարավոր է ինչ–որ թյուրիմացություն լինի, շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտել»,– վստահեցրեց նա։
Սուքիասյանը անհիմն համարեց «Հետքի» հրապարակումը, որի հիման վրա էլ դատախազությունը հայց է հարուցել վարչական դատարան։
«Այն ինչ մենք գնել ենք, շենք չի եղել, դա ընդամենը մեկ պատ է եղել։ Այդ պատի հետևում` բակում, տարբեր փոքրիկ տներ են եղել։ 5 ընտանիքի մենք բնակարանով ենք ապահովել մեր միջոցներով, որ կարողանանք չարչարանքով, տանջանքով կառուցել «Սիլ պլազան»»,– ասաց Սուքիասյանը։
Պատգամավորը հավելեց նաև, որ իրեն ժամանակին համոզել են այդ գույքը ձեռք բերել։ Նրա խոսքով` ինքը չի ցանկացել, քանի որ նպատակահարմար չի գտել։ Բայց իրեն համոզել է հայրը։
Նա վստահեցրեց` եթե դատախազությունը պարզի, որ ինքը վերոնշյալ գույքը ձեռք բերելիս անգամ 1000 դոլարի խախտում է արել, ապա պատրաստ է շենքը վերադարձնել պետությանը։
Հիշեցնենք` «Հետքը» դեռ նախորդ տարի գրել էր, որ «Սիլ պլազայի» շենքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը սեփականաշնորհել է 5655 դոլարով (1995 թվականին), իսկ սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։
Ինձ համար հաճելի չէ էս կարգի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը` Քերոբյանին