Ալիևի ասածներն աղերս չունեն իրականության հետ. Խաչատուրյանը` Միկաթիին

Վահագն Խաչատուրյանն ու Նաջիբ Միկաթին
ՀՀ նախագահը Լիբանանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը անդրադարձել է Ալիևի այն հայտարարություններին, թե հայերը մզկիթներ են քանդել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աղերս չունեն իրականության հետ։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը` հավելելով, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում է հանդիպումը կայացել։
«Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, իսկ հիշատակված քանդված մզկիթները վերաբերում են Խորհրդային միության ժամանակաշրջանին, երբ հավասարապես մերժողական պետական քաղաքականություն էր վարվում բոլոր կրոնների նկատմամբ և նույն ժամանակաշրջանում շատ քանդված եկեղեցիներ ևս կան»,– ասել է նա։
Նշենք, որ Արաբական լիգայի 31-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել էր ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական անհանդուրժողականության դրսևորում՝ հիշատակելով քանդված մզկիթները։
Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ անձամբ ներկա է եղել գագաթնաժողովին և կարծիք է հայտնել, որ նմանօրինակ թյուրըմբռնումներից խուսափելու համար Հայաստանը պետք է առավել ակտիվացնի իր ջանքերն Արաբական աշխարհի պետությունների հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Խաչատուրյանն այս հարցը բարձրացրել էր նաև Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ` շեշտելով, որ Ալիևը շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ։
ՀՀ նախագահը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել նոյեմբերի 7-ին։