Ալեքսանյանի անվան մարզահամալիրում կարող են աշխարհի առաջնություններ անցկացվել. Գիլոյան

Կարեն Գիլոյանն ասաց, որ Արթուր Աբրահամի անվան մարզապալատ է կառուցվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման ավարտից հետո անգամ որոշ մարզաձևերի գծով կարող են աշխարհի առաջնություններ անցկացվել։ 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Ալեքսանյանի անվան մարզահամալիրը շատ մեծ է դպրոց կոչվելու համար և 9 մարզաձևեր է ընդգրկում։ Ընդ որում` նախագծից հետո ևս մեկ մարզաձև ենք ընդգրկել. խոսքը հրաձգության մասին է։ Բացի այդ, լողավազան ենք ավելացրել նաև։ Մարզահամալիրի կառուցման ժամկետը նախագծով մինչև 2025 թվականն է, սակայն քաղշինը խոստացել է 2024-ին շահագործման հանձնել»,–ասաց Գիլոյանը։
Բացի այդ, ըստ փոխնախարարի, Արթուր Աբրահամի անվան մարզապալատ է կառուցվելու, որտեղ բռնքցամարտ, ըմբշամարտ, հնարավոր է` նաև սամբո և ձյուդո սովորեցնեն։ Մարզապալատում երեխաների համար նաև ժամանցի կենտրոն է գործելու։ Գիլոյանը հայտնեց` նախագծային աշխատանքներն «Արթուր Աբրահամ» հիմնադրամն է կազմակերպել։
Արթուր Ալեքսանյան. «Ցանկանում եմ դառնալ օլիմպիական կրկնակի չեմպիոն»
Նրա խոսքով` նույն կերպ փորձում են աշխատել Վիկ Դարչինյանի հետ. բոլոր անվանի մարզիկների անունով փորձելու են մարզական կառույցներ ունենալ։
Գիլոյանը նշեց նաև, որ աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած մարզիկներին 5 մլն դրամով պարգևատրելու որոշումը վերանայման կարիք ունի, և առաջիկայում կառավարության որոշման նախագիծ կպարաստեն։