ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. 2023-ին 70-ից ավել դպրոց կկառուցվի և կվերանորոգվի։ Բացի այդ, նախատեսվում է ավելացնել նախադպրոցական հաստատությունների թիվը։ 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«2023-ին կավարտվի 9 մոդուլային մանկապարտեզի շինարարությունը, ևս 18-ը կշարունակվի։ Պետությունը կապահովվի սոցիալապես խոցելի խավերի ավելի քան 17 000 երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթական հաստատություններում` այն հեռանկարով, որ 3-5 տարեկան երեխաների ընգրկվածությունը 2025-ին հասնի 85 տոկոսի»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է մասնագիտական կրթությանը, ապա Դումանյանը հայտնեց, որ կընդլայնվի մասնագիտական կրթության` պետբյուջեից ֆինանսավորվող տեղերի քանակը, ինչպես նաև ուսման վարձի զեղչային համակարգից օգտվողների խմբերը։ Բացի այս, ըստ նախարարի, մինչև 2025-ը նախատեսվում է ևս 5 նոր մասնագիտությունների ներդրում բուհերում։
Նրա խոսքով` 2023-ի ծրագրի 2.3 մլրդ դրամի աճը հիմնականում կուղղվի նոր ուսումնական հաստատությունների կառուցմանը և շենքային պայմանների բարելավմանը։