10 տոկոս` 2022-ի հունվար-սեպտեմբերին. ինչի՞ հաշվին է աճել Հայաստանի արդյունաբերությունը

Շինարարական հատվածի արտոնությունները շարունակում են առաջ քաշել ցեմենտի և ամրանների արտադրությունը։ Համեմատաբար ավելի դանդաղ, բայց աճում է նաև հայկական սննդամթերքի պահանջարկը, մասնավորապես` Ռուսաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Արդյունաբերական արտադրությունը Հայաստանում 2022 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 10%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։
Վերջին ամիսների նման` հիմնական աճը եղել է ոչ թե հանքերի (լեռնահանքային հատվածը կրճատվել է 7,5 տոկոսով), այլ շինարարության հետ կապված արտադրությունների շնորհիվ։ «Ոչ մետաղական հանքային ապրանքներ» կատեգորիայում (որը ներառում է ավազը և ցեմենտի հումքը), արտադրությունն աճել է 2,1 անգամ, իսկ պատրաստի մետաղական կոնստրուկցիաների արտադրությունն աճել է մոտ 45%-ով:
«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ». Քերոբյան
Շինարարության հետ միջնորդավորված կերպով կապված կահույքի արտադրությունը նույնպես աճել է (մոտ 22%-ով), բայց դրա արտադրության բացարձակ ծավալները չափազանց փոքր են ընդհանուր վիճակագրության վրա ազդելու համար:
Հավելենք, որ շինարարության ծավալը (քառակուսի մետրով) նշված ժամանակահատվածում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 17%-ով։ Բնակարան գնողները շտապում են օգտվել եկամտահարկի արտոնություններից, որոնք դեռ գործում են բնակարանների առաջնային շուկայում։
Հայաստանյան ֆենոմեն. տնտեսության «աննախադեպ» աճն ուղեկցվում է աննախադեպ աղքատացմամբ
Արտադրությունն աճել է նաև գունավոր մետաղների խմբում (հիմնականում ֆերոմոլիբդենի ձուլման հաշվին)՝ ավելի քան 26%-ով ավել։ Դա կապված է այն բանի հետ, որ դրա ձուլման գործարաններն ավարտել են վերազինումը, վերադարձել նախկին հզորություններին, ինչի մասին արդեն գրել էինք:
Արտադրությունը շարունակում է աճել նաև սննդի և ալկոհոլային արդյունաբերության ոլորտում (համապատասխանաբար 12,7%-ով և 5,7%-ով): Ռուսական շուկայում (հիմնականում հայկական մրգերի, բանջարեղենի, պահածոների, գինու և կոնյակի համար) նոր հնարավորություններ են բացվել արևմտյան մի շարք ապրանքանիշերի հեռանալուց հետո։