ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Դար- էս- Սալաամից Բուկոբա թռչող Precision Air-ի PW 494 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ։
Agence France Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ այս պահին հաջողվել է փրկվել 15 մարդու կյանք։
Տանզանիայի Վիկտորիա լիճն ընկած ինքնաթիռում, նախնական տվյալներով, եղել է 49 մարդ և անձնակազմի չորս անդամ, գրում է RT-ն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարված ինքնաթիռի օդաչուն ունի 20 տարվա աշխատանքային փորձ, իսկ ինքնաթիռը 12 տարի է, ինչ շահագործվում էր։