Կիևում պատրաստվում են տարհանել 3 մլն մարդու

Կիև. Արխիվային լուսանկար
Քաղաքի իշխանությունները չեն բացառում էլեկտրաէներգիայի ամբողջովին անջատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կիևի իշխանությունները էլեկտրաէներգիայի հետ կապված ճգնաժամի պատճառով սկսել են քաղաքի բնակիչներին նախապատրաստել ամբողջությամբ տարհանելու։ Այս մասին գրում է New York Times–ը։
Պարբերականի տվյալներով` Ուկրաինայի մայրաքաղաքում սկսում են գործողությունների պլան մշակել, թե ինչ պիտի անեն ամբողջովին հոսանքազրկման դեպքում։ Այդ ժամանակ ստիպված կլինեն տարհանել 3 մլն քաղաքաբնակներին։
Կիևի քաղաքապետարանի մունիցիպալ անվտանգության դեպարտամենտի տնօրեն Ռոման Տկաչուկը թերթին հաստատել է, որ չի բացառվում, որ քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվի։ Նման սցենարի դեպքում պաշտոնյաները կտեղեկացնեն համակարգի շարքից դուրս գալուց 12 ժամ առաջ։
«Եթե գործը դրան հասնի, մենք կսկսենք տեղեկացնել մարդկանց և խնդրել հեռանալ», – ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայում հովհարային անջատումներ էին սկսվել։
Նոյեմբերի 5-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել էր, որ Կիևը կարող է զրկվել էլեկտրաէներգիայից, ջրից և ջեռուցումից։ Նրա խոսքով` նման դեպքերի համար քաղաքում վառելիքի, գեներատորների, սննդի և ջրի մեծ պաշար է ստեղծվել։ Բացի այդ ջեռուցման կետեր են կահավորվել։