ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձում է առավել արդյունավետ ծրագիր մշակել, քան, օրինակ, «Դայակ պետության աջակցությամբ» կամ մի շարք այլ սոցիալական ծրագրերն էին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես պատճառաբանեց հունվարի 1-ից պետական աջակցության մի շարք ծրագրերի կասեցումը։
Նրա խոսքով` ծրագրերը դադարեցվել են, քանի որ բոլորը վերանայման և լրամշակման փուլում են։ Նպատակը շահառուների թվի ընդլայնումն է և ծրագրերն ավելի թիրախային ու արդյունավետ դարձնելը։
«Օրինակ` դայակի ծրագրում որոշակի անարդարություն է եղել, և եթե ծրագրի արդյունավետության վերաբերյալ կասկած չլիներ, չէր կասեցվի։ Մարդիկ ասում են` արդյունավետ ծրագիր էր, բայց ամեն ոք արդյունավետության մասին իր պատկերացումներն ունի։ Այստեղ խնդիրը սահմանափակ թվի մասին էր` դայակի ծրագրով 600 շահառու է նախատեսված, այսինքն` օրենքը միայն նրանց վրա էր տարածվում, իսկ իրականում պոտենցիալ շահառու կարող էին լինել մեծ թվով բնակիչներ»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ խնդրի թեպետ երկարաժամկետ, բայց գլոբալ լուծում են նախատեսում` մանկապարտեզների քանակն ավելացնելով։ Այսինքն` եթե կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի և ունի երեխա, կարողանա իր բնակության վայրի մոտակայքում մի տեղ մանկապարտեզ տանել (հիմա պետական նախադպրոցական հաստատություններում տեղեր չկան, իսկ մասնավոր մանկապարտեզներ կարող են դիմել միայն մի քանիսը, խմբ.)։
Պաշտոնյան հավելեց, որ այդ համատեքստում նախատեսում են ավելացնել մանկապարտեզների քանակը։
Փոխնախարարը հայտնեց, որ այս պահին նախարարությունը աջակցության ծրագրերի ռազմավարությունը մշակելուն զուգահեռ իրականացնում է փորձնական ծրագրեր մի քանի ուղղություններով` զորացրված պատերազմի մասնակիցների, նպաստառուների և այլ խմբերի համար։
Ծրագրերից մեկով նախատեսվում է 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակիցներին և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց, որոնք գործազուրկ են, օգնել տեղավորվել աշխատանքի։ Մեկ այլ ծրագրով էլ նպաստառու գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով պետությունը գործատուին գումար կտրամադրի։
«Մեր նպատակն է, որ ծրագրերն առավել նպատակային լինեն այն մարդկանց համար, որոնք իսկապես չեն կարող առանց պետության օժանդակության լուծել իրենց խնդիրները»,– նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Սարգսյանի` ոչ արդյունավետ ծրագրերը կասեցնելով և նոր ռազմավարության վերախմբագրմամբ փորձում են գումարներն ավելի արդյունավետ տնօրինել։