ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր:
«ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31– ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։