ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Համապետական ծառատունկի ընթացքում ՀՀ տարածքում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել, տնկվել է 451 000 տնկանյութ։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին ՀՀ ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Ծառատունկին տնկվել են հիմնական անտառկազմող ծառատեսակներ, մասնավորապես սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ:
Հավելենք, որ կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը։
Հիշեցնենք՝ համապետական ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ։ Երևանում ծառատունկն անցկացվել է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա։