ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում ական է պայթել, որի հետևանքով մեկ քաղաքացի է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ-ը։
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։
«Նոյեմբերի 5-ին, ժամը 16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։