Ո՞րն է Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկների տարբերությունը. պարզաբանում է Մարուքյանը

Դեսպանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ աշխատանքներ են տանում` համոզելու Ադրբեջանին, որ խաղաղության պայմանագրում ներառվի կետ, որով Արցախի կարգավիճակի հարցը կհետաձգվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի կարգավիճակի և բնակչության անվտանգության խնդրի վերաբերյալ Վաշինգտոնի և Ռուսաստանի առաջարկներից Հայաստանի համար ընդունելի է ռուսական կողմի առաջարկը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը պարզաբանեց, թե որն է Արևմուտքի և ռուսական կողմի առաջարկների տարբերությունը։

«Վաշինգտոնը կամ Արևմուտքն ասում են, որ լավ կլինի` Արցախի հարցում հիմա լուծում գտնենք և վերջնականապես խնդիրը լուծենք։Մասնավորապես` կարգավիճակի, բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ լուծումներ գտնենք։ Ռուսական կողմն առաջարկում է կարգավիճակի հարցը թողնել ապագային, քանի որ այն կարող է որոշակի բարդություններ առաջ բերել և լուծել բնակչության անվտանգության հարցը` խաղաղապահ ուժերի մանդատը երկարացնելով։ Եվ դա շատ կարևոր ու հիմնարար պահ է»,– ասել է Մարուքյանը։

Նա ընդգծում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ է առաջարկվել, որ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում երկարաձգվի, և հենց այս հարցում էլ համընկնում են Հայաստանի և Ռուսաստանի դիրքորշումները։
«Հետևաբար` մինչև օրս եղած պրոպագանդան, բամբասանքը, թե Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից, չի պաշտպանում Արցախի ժողովրդի շահերը կամ մերժել է ռուսական կողմի առաջարկները, Սոչիից առաջ և Սոչիից հետո ամբողջովին ջրվեցին»,–ընդգծել է Էդմոն Մարուքյանը։
Դեսպանի խոսքով` այժմ վերոնշյալ հարցի համատեքստում Հայաստանը Ռուսաստանի հետ աշխատանքներ են տանում` համոզելու Ադրբեջանին, որ խաղաղության պայմանագրում ներառվի կետ, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը կհետաձգվի։
ՀՀ ԱԺ–ն համաձայն է Բաքվի հետ բանակցել, եթե Սոչիի պայմանավորվածությունները կատարվեն
Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքներին անդրադառնալով` Մարուքյանն ընդգծում է` հանդիպումը ցույց տվեց, որ ՌԴ–ի և Արևմուտքի միջնորդական ջանքերն իրար չեն հակասում։
Մարուքյանը նշեց` Սոչիում վերահաստատվեց Պրահայում ձեռք բերված քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարությունը, այն է` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և հարակից արձանագրությունների հիման վրա։
«Հայկական կողմի մոտեցումներն անգամ արևմտյան բանակցային հարթակներում երբեք դուրս չեն եկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարության համատեքստից։ Հայկական կողմը հավատարիմ է մնում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այլ բան է, որ նույնը չենք տեսնում Ադրբեջանի մոտ»,– ասում է Մարուքյանը։
Դեսպանը վստահեցնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ հանրությունից չկա որևէ գաղտնիք։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։