Ուկրաինայում անջատվել է Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ

Արբանյակներն Ուկրաինայում կապի աղբույր են ծառայում անգամ այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի պատճառով բջջային և ինտերնետային ցանցերը խափանվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում անջատվել է SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ` սպասարկման վարձը չտալու համար։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը։
Նշենք, որ Ուկրաինայում մոտ 25 հազար տերմինալ կա, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական կազմում է 2500-4500 ԱՄՆ դոլար։
Այս արբանյակները, կարելի է ասել, կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ Դրանք որպես կապի աղբույր են ծառայում անգամ այն դեպքում, երբ պատերազմական իրավիճակի պատճառով բջջային և ինտերնետային ցանցերը խափանվում են։
Ավելի վաղ SpaceX-ը դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։
Twitter-ից աշխարհով մեկ ստեր են ժայթքում․ Բայդեն
«Գրողը տանի... Չնայած Starlink-ը շարունակում է գումար կորցնել, մենք պարզապես կշարունակենք անհատույց ֆինանսավորել Ուկրաինայի կառավարությանը»,– գրել էր Իլոն Մասկը Twitter-ում։
«Starlink»–ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհով լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար։ Մասկի «SpaceX» ընկերությունը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2.3 հազար «Starlink» արբանյակներ։