Սո՛ւտ է սրանց խոստացած խաղաղությունը. Սաղաթելյանն ասաց` ինչ են անելու երթից հետո

«Դիմադրություն» շարժման կազմակերպած հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հրավիրած հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։
«Կառավարության դիմաց ունենալու ենք խորհրդանշական ակցիա, որից հետո կվերադառնանք Ֆրանսիայի հրապարակ և կամփոփենք մեր հանրահավաքը։ Մենք կարևոր հայտարարություն ունենք, որ պետք է միասին ընդունենք»,– երթից առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մինչ երթը սկսվելը Իշխան Սաղաթելյանը ելույթով հանդես եկավ` նշելով, որ այսօրվա հանրահավաքը սովորական չէ։Այն ինչ–որ մեկի դեմ կամ կողմ հանրահավաք չէ, այն համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։
«Արցախը երբեք չի՛ եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Որևէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որևէ փասթաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»,– նշեց Սաղաթելյանը։
Նա անվստահություն հայտնեց ներկա իշխանությանը` շեշտելով, որ նրանց սուտը չի ճանաչում սահմաններ։
«Նրանք կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան, պարզվեց` կեղծում են նաև իրենք իրենց ընտրությունները։ Սո՛ւտ է սրանց խոստացած խաղաղությունը, սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավերածություններ»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ պատգամավորը հայ ժողովրդին հորդորեց մի բան հասկանալ` իրենք Նիկոլ Փաշինյանի՞ հետ են, թե՞ հայրենիքի։
«Այս հանրահավաքով մենք ասում ենք` Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստաը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատարաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների։ Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով»,– ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սաղաթելյանը վստահեցրեց` նման փասթաթուղթը պատռվելու է ժողովրդի կողմից և հայտարարվելու է առոչինչ։
Հիշեցնենք` Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, որն անցկացվում է «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Արցախ» կարգախոսի ներքո։