Մինչև ռազմական գործողություններն են փոքր քանակով ԱԹՍ–ներ մատակարարվել ՌԴ–ին․ Աբդոլլահիան

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնաբանել է Արևմտյան քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների պնդումներն իրանական անօդաչու թռչող սարքերի` Ռուսաստան մատակարարումների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրանը փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստան ռազմական գործողությունները սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Տեղեկությունը, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Այսպես է գերատեսչության ղեկավարը մեկնաբանել արևմտյան քաղաքական գործիչների, փորձագետների և ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր Ուկրաինայի դեմ Իրանից գնված անօդաչու թռչող սարքեր է կիրառում։
Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ
Աբդոլլահիանի խոսքով՝ այն տեղեկությունը, որ արևմտյան որոշ երկրներ բարձրաձայնում են Իրանի կողմից իբր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին, ճիշտ է միայն փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքերի մասով, իսկ հրթիռների մասով չի համապատասխանում իրականությանը:
«Մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր ենք տրամադրել Ուկրաինայում պատերազմը սկսվելուց մի քանի ամիս առաջ», - ասել է Աբդոլլահիանը:
Նրա խոսքով՝ Թեհրանն անտարբեր չի լինի, եթե ապացուցվի, որ Ռուսաստանն իրանական անօդաչու սարքեր է օգտագործել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում: Թեհրանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները ու վերադառնալ բանակցություններին։ Նա վստահեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։
Իրանը կարող է ԱԹՍ–ներ արտադրել նույնիսկ պատերազմի ժամանակ. ՌԴ գեներալ