Մերձբալթյան երկրները մտադիր են Ռուսաստանին մեկուսացնել Եվրոպայից

Բալթյան վեհաժողովի մասնակիցները որոշել են միասնական լինել Ուկրաինային աջակցելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Լիտվան, Լատվիան և Էստոնիան հայտարարել են Ռուսաստանին եվրոպական համայնքից մեկուսացնելու մտադրության մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բալթյան վեհաժողովն ընդգծում է անդամ պետությունների միասնության անհրաժեշտությունը` Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի Դաշնությանը եվրոպական համայնքից մեկուսացնելու հարցում»,–ասվում է վեհաժողովի 41-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունված բանաձևի տեքստում։
Փաստաթղթում նշվում է նաև Բալթյան երկրների, Հյուսիսային Եվրոպայի և Բենիլյուքսի դաշնակիցների հետ պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը` «կիբեռպատերազմական գործողությունների ոլորտում անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար»:
Եվրամիությունն Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնի
Խորհրդարանականները նշել են նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կարևորության ու անհրաժեշտության մասին։
Բալթյան վեհաժողովը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանների միջև համագործակցության խորհրդակցական մարմին է։ Այն հիմնադրվել է 1991 թվականին։