Իրանի ԱԳՆ-ն Կիևի վրա է դրել ԱԹՍ-ի հարցով հանդիպումը խափանելու պատասխանատվությունը

Իրանական պատվիրակությունը 90 րոպե սպասել է ուկրաինացի գործընկերներին, սակայն նրանք այդպես էլ չեն եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կիևի վրա է դրել Թեհրանի կողմից Մոսկվային զենք մատակարարելու հարցի շուրջ իրանցի և ուկրաինացի փորձագետների հանդիպումը խափանելու պատասխանատվությունը:
«Մենք պայմանավորվել էինք Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ այն մասին, որ եթե նա որևէ փաստաթղթային հաստատում ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ, ապա պետք է դրանք տրամադրի։ Մենք երկու շաբաթ առաջ պետք է հանդիպում անցկացնեինք եվրոպական երկրներից մեկում: Մեր պատվիրակությունը մեկնել է, սակայն, ցավոք, 90 րոպե սպասելուց հետո ուկրաինական պատվիրակությունն այդպես էլ չի եկել», - Tasnim-ի փոխանցմամբ՝ ասել է Աբդոլլահիանը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել էր ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը ռուսական կողմին իրանական զենք մատակարարելու և Ուկրաինայում ռազմական գործողություններում դրա օգտագործման մասին:
Մինչև ռազմական գործողություններն են փոքր քանակով ԱԹՍ–ներ մատակարարվել ՌԴ–ին․ Աբդոլլահիան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Իրանից ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու թեման արհեստականորեն է ամերիկյան ԶԼՄ-ներ նետվել: