ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն օրերս «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2022» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ մրցանակի «Հանուն զինվորի» անվանակարգում։ Sputnik Արմենիան զրուցել է կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցի հետ։
«Սա անսպասելի մրցանակ էր, որը «օլիմպիական արջուկի» նման մի բան դարձավ` ժպիտ հարուցեց և մոտիվացրեց, որ կենտրոնի աշխատակիցներին ավելի ջանասիրաբար աշխատեն։ Բոլորից շատ ուրախացել էին մեր շահառուները, զոհված հերոսների մայրերն այդ օրը մեզ հետ էին և կիսեցին մեր հաջողությունը», – նշեց Արեենցը։
Նրա խոսքով` շատերը համարում էին, որ կենտրոնի գործունեությունը փորձնական կլինի, թեպետ առաջին իսկ օրվանից այն պրոֆեսիոնալ է գործել` կիրառելով միջազգային կարևոր փորձը։ Այսօր շատերը գիտակցում են ոչ միայն մարմնի, այլև հոգու բուժման կարևորությունը, և բնականաբար կենտրոնի աշխատանքի կարևորությունը բարձրացել է։ Կենտրոնը համագործակցության հուշագիր է ստորագրել թվային ընկերության հետ ու արդեն իսկ զինվորականների կամ նրանց ընտանիքի անդամների բուժման համար ժամանակակից VR տեխնոլոգիա է կիրառում։
«Պատերազմի օրերին ակնհայտ դարձավ, որ անդամահատման կարիք ունեցող զինվորականների թիվը շատ ավելի քիչ է, քան հոգեբանական տրավմա ստացածներինը։ Սակայն առաջին դեպքում արդեն իսկ գոյություն ունեին և հաջողությամբ գործում էին վերականգնողական կենտրոնները, իսկ երկրորդի դեպքում` ոչ, և մենք որոշեցինք օգնել տղաներին հաղթահարելու հենց այդ խնդիրները», – պատմեց կենտրոնի հիմնադիրը։
Արեենցի խոսքով` ամեն ամիս կենտրոնում հոգեբանական աջակցություն է ստանում շուրջ 200-250 մարդ, սակայն կենտրոնի հնարավորություններն աստիճանաբար ընդլայնվելու են, և նախատեսվում է 2024 թվականին աջակցություն ստացողների թիվը հասցնել 500-ի։
«Բնակչության ավելի քան 60 տոկոսը հոգեբանական խնդիրներ ունի։ Եթե ինչ–որ մեկը կարծում է` ինքը պատերազմից հետո առողջ է, այդ մարդն արդեն խնդիր ունի։ Այս պահին խնդրահարույց են 12 հազար և ավելի անձի հոգեբանական հարցերը. այդ թվի մեջ չեն մտնում զոհվածների ընտանիքները»,– նշեց նա։
Կենտրոնն անվճար է, և մարտական գործողությունների բոլոր մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները կարող են անհրաժեշտ բուժում ստանալ։
«Կարևոր է, որ մարդիկ դադարեն ինքնաբուժությամբ զբաղվել և լուրջ վերաբերվեն հոգեկան և հոգեբանական առողջությանը։ Հոգին էլ բուժման կարիք ունի», – ասաց Արեենցը։
Կենտրոնի հիմնադիրն ընդգծեց, որ «Հերոսների վերականգնողական քաղաքը» ժամանակ առ ժամանակ զբաղվում է հոգեբանների վերապատրաստմամբ և վերապրոֆիլավորմամբ, սովորեցնում է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել։
Նախատեսված է նաև 100 հոգեբանների և թերապևտների նախապատրաստում և լիցենզավորում, մարզերում և Արցախում կենտրոնի մասնաճյուղերի բացում, «Հոգեբանական շտապօգնության» ծառայության ստեղծում։
Բացի այդ, արդեն իսկ մշակվում է օրենքի նախագիծ, որը կարգելի ցուցադրել տրավմաներ և հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողների դեմքերն ու ներկայացնել նրանց անձնական տվյալները, ինչը թույլ կտա նրանց և ընտանիքներին իրացնել մոռացության իրավունքը։
«Ուզում ենք, որ տրավմաներ ստացած տղաները կարողանան հաշմանդամության կարգ և թոշակ ստանալ, քանի որ շատերը չեն կարողանում աշխատել, և դրանից նրանց վիճակն ավելի է վատանում», – ասաց Արեենցը։
Նշենք, որ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։ Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ բուժմանը զուգահեռ արցախյան մարտական գործողությունների մասնակիցները կարող են նաև վերականգնողական անհրաժեշտ բուժում ստանալ։ Կենտրոնի շահառուներն են նաև մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացածներն ու նրանց ընտանիքի անդամները։