ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Այն կեցվածքը, որը որդեգրել էր ԱԳՆ–ն նախկինում, ճիշտ լուծում էր` Արցախի հարցը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի հրավիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
«Այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի և հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»,– լրագրողներին ասաց նախկին նախարարը:
Արա Այվազյանը վստահեցրեց, որ Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ իր պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ դիրքորոշումն էապես տարբերվել է այսօրվա իրավիճակից։
Այվազյանը նաև հավելեց, որ պաշտոնավարման ավարտից հետո Արցախի կամ այլ հարցերի վերաբերյալ որևէ քննարկում չի ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ Այվազյանն ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. նոյեմբերից 2021թ. մայիսն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք` Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, որն անցկացվում է «Տե՛ր եմ քեզ, ի՛մ Արցախ» կարգախոսի ներքո։