Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության շշալցում է արել. աշխատանքը կասեցվել է

ՇՇալցված ջուր. Արխիվային լուսանկար
Ընկերությունը ջրառ է իրականացրել Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում «Արլա» ՍՊԸ–ն Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից շշալցում է իրականացրել` չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում։ Պարզվել է, որ ընկերությունը ջրառ է իրականացնում Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմինը կասեցրել է ընկերության կողմից ապօրինի ջրառի իրականացումը մինչև կասեցման հիմքի վերացումը։