«Սուրմալուի» հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները պարգևատրվել են

Պարգևատրման արարողություն
Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` պարգևատրվել են «Սուրմալուի» ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Փամբուխչյանի հրամանով` նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր:
Պարգևատրման արարողություն
Նշվում է նաև, որ պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության, շինարարական կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչները։ Պարգևատրվել են նաև Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը և Արտակ Հովակիմյանը:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ է մահացել, մեկը համարվում է անհետ կորած։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝ պահեստը շահագործող անձինք։