ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է ՌԴ–ի բանաձևի նախագիծը, որով առաջարկվում է պայքարել նացիզմի հերոսացման դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և ռասիզմի ժամանակակից ձևերի սրացմանը նպաստող այլ տեսակի պրակտիկայի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության դեմ պայքարը» վերնագրով փաստաթղթին կողմ է քվեարկել 106 երկիր, 15-ը ձեռնպահ են մնացել։ Դեմ են արտահայտվել 51–ը։
Այս բանաձևը ՄԱԿ–ի ԳԱ–ն ընդունում է ամեն տարի։ Կոմիտեի հավանությունից հետո ԳԱ–ում պետք է քվեարկություն լինի, որը կկայանա ավելի ուշ, սովորաբար դա տեղի է ունենում դեկտեմբերին։
Բանաձևը խորհուրդ է տալիս երկրներին կոնկրետ միջոցներ ձեռնարկել, այդ թվում` օրենսդրական և կրթական ոլորտներում, մարդու իրավունքների հետ կապված միջազգային պարտավորություններին համապատասխան, որպեսզի կանխվի պատմության և Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքների վերանայումը, մարդկության դեմ և Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին կատարված ռազմական հանցագործությունների մերժումը։
Փաստաթղթի հեղինակները վճռականորեն դատապարտում են նացիզմի քարոզման և հերոսացման միջադեպերը, մասնավորապես նացիստամետ բովանդակության գրաֆիտիների և նկարների պատկերումը, այդ թվում` Համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերի հուշակոթողների վրա։
Բացի այդ, փաստաթուղթը դատապարտում է ուսուցման ընթացքում ռասիզմ, էթնիկ, ազգային, կրոնական հողի վրա խտրականություն, ատելություն ու բռնություն քարոզող նյութերի և հռետորաբանության կիրառումը։