ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսային Կորեային բանակցությունները վերսկսելու կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը . Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում ԿԺԴՀ-ին ձեռնպահ մնալ ցանկացած հետագա սադրիչ գործողություններից և լիովին կատարել իր միջազգային պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը և կոչ է անում Փհենյանին անհապաղ քայլեր ձեռնարկել բանակցությունները վերսկսելու համար, ասել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է վերջին երկու օրերի ընթացքում տարատեսակ հրթիռների արձակումը»,- նշել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ կոչ է անում ԿԺԴՀ-ին ձեռնպահ մնալ ցանկացած հետագա սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել իր միջազգային պարտավորությունները՝ Անվտանգության խորհրդի համապատասխան բոլոր բանաձևերի շրջանակներում։
«Նա խորապես մտահոգված է Կորեական թերակղզում ստեղծված լարվածությամբ և անհանգստացած` առճակատման հռետորաբանությամբ», - հավելել է Դյուժարիկը։
Գլխավոր քարտուղարը խնդրում է բոլոր շահագրգիռ կողմերին հավաքվել և օգնել երկխոսությանը նպաստող պայմանների ստեղծման գործում, որպեսզի հասնեն ամուր խաղաղության և Կորեական թերակղզու ամբողջական ու ստուգելի ապամիջուկայնացման: