ՌԱԴԻՈ

Իշխանությունը սև կատու է փնտրում մութ սենյակում. Սահակյանը` պետական գաղտնիքի օրենքի մասին

ԱԺ հանձնաժողովի նախկին նախագահը նշում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի խստացման մասին կառավարության որոշումը տարբեր նպատակներ կարող է ունենալ։
Sputnik
Իշխանությունները սև կատու են փնտրում մութ սենյակում։ Այսպես է մեկնաբանում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի խստացման մասին կառավարության որոշումը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը։
Պետական դավաճանություն` ամսական 500 դոլարի դիմաց. քրգործը դատարանում է
Նշենք, որ ՀՀ կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել, որով նախատեսվում է խստացնել պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ինչպես նաև ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը։ Նախագծով առաջարկվում է պետական գաղտնիք համարել նաև «ծառայողական գաղտնիք» համարվող և «գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական բոլոր փաստաթղթերը։
Օրենսդրական փաթեթի մասին Սահակյանը նշում է, որ հասկանալի չէ բուն թիրախը, կարգավորման առարկան,կամ ինչից է առաջացել նման կարգավորում առաք քաշելու գաղափարը և հիշեցնում, որ վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ պետական դավաճանության մեղադրանքով անձին բռնել են, սակայն հետո առանց հիմնավորման ազատ արձակել։
«Օրվա իշխանությունների մտքի թռիչքը հասկանալի չէ։ Սա գուցե իշխանության կասկածամտության դրսևորումներից է։ Այս քայլին գնալով պետք է նաև բացատրեն` ինչի համար են ուզում խստացնել։ Ինձ համար տարակուսելի և զավեշտալի է։ Ստացվում է` իշխանությունները որդեգրել են ոչ ոքի չվստահելու սկզբունքը, նույնիսկ պետական գաղտնիքին հասանելիության իրավունք ունեցող պաշտոնյային»,–ասաց նա։
Նախկին պաշտոնյայի խոսքով` իշխանության այդ մոտեցումը նշանակում է, որ չեն վստահում ընդհանուր պետական կառավարման համակարգին, ինչը կարող է երկիրը տանել կործանման։
Սահակյանը նաև ուշադրություն է հրավիրում առաջարկվող փոփոխության մեջ սահմանին վերաբերող հատվածին, մասնավորապես սահմանային իրավիճակների վերաբերյալ հրապարակումներին և հիշեցնում, որ երբ Գորիս–Կապան ավտոճանապարհն առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնվեց հակառակորդին, այդ ժամանակ լրատվամիջոցներին արդեն արգելել էին առանց ԱԱԾ–ի թույլտվության սահմանից տեսանյութեր կամ լուսանկարներ հրապարակելը։
ՀՀ ԱԱԾ–ն պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների թիվը չի բացահայտում
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ պետական գաղտնիքի հրապարակման հետ կապված նախկինում որևէ ակնառու խնդիր չի եղել։
«Եթե կան մարդիկ, որ նմանատիպ դրսևորումների մեջ են հիմա, ապա դա պետական գաղտնիքի կարգավորման առարկա չէ, այլ պետական դավաճանություն։ Հետևաբար` կա՛մ սա այն օրենքներից է, որով մի որևէ կարևոր լուրջ իրադարձություն պետք է շեղեն, որ նմանատիպ օրենք դաշտ բերելով` քննարկումների առարկա դառնա, կա՛մ ընդամենը հերթական զսպող ինչ–որ մեխանիզմ պետք է լինի, որ այս կամ այն խնդրի հետ կապված որևէ բարձրաձայնում չլինի»։
Հովհաննես Սահակյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ նախագիծը բավականին թերի է և հետագայում եթե Ազգային ժողովում այն քննարկվի, պետք է լրամշակվի։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օրենսդրական ծավալուն փաթեթ է մշակել, որով նախատեսվում է խստացնել պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ինչպես նաև ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը։