ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագիրը կրող դասախոսությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ այն միջավայրը, որում հիմա ապրում ենք և այն միջավայրը, որ մենք ունեցել ենք խորհրդային տարիներին կամ դրանից անմիջապես հետո, լրիվ այլ է:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
© Photo : official site of the President of RA
«Այն պահանջները, որոնք ներկայացվել են պետությանը խորհրդային տարիներին, 1990-ականներին և հիմա բոլորովին այլ են»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ պետության դերի մասին խոսելը շատ կարևոր դարձավ COVID-19 համավարակի ընթացքում:
Նախագահը ներկայացրել է համավարակի բռնկման արդյունքում առաջացած դժվարությունները, դրանք հաղթահարելու ուղղությամբ աշխարհի տարբեր պետությունների ձեռնարկած քայլերը, Հայաստանի մոտեցումները:
Խաչատուրյանը խոսել է նաև պետական ինստիտուտների դերի, տնտեսությունում պետության ներկայության անհրաժեշտության և պետական գործառույթների մասին:
«Տնտեսագետներս փորձում ենք ասել, թե ո՞րն է ամենակարևորը: Պետությունն ի՞նչ պետք է անի... Այս հարցը դեռևս քննարկումների տեղիք է տալիս... Ընդհանուր առմամբ, պետությունն առաջին հերթին, իհարկե, պետք է պաշտպանի սեփականության իրավունքը, լուծի կոնֆլիկտները, կարգավորի իրավական դաշտը: Քաղաքացին պետք է պաշտպանված լինի, բիզնեսը պետք է պաշտպանված լինի: Այս հարցերում, իհարկե, պետությունը դեր ունի: Պետք է տրամադրի այնպիսի բարիքներ, որոնք մասնավոր հատվածը չի կարող տալ»,-նշել է Խաչատուրյանը:
Նախագահն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է նաև տնտեսական առաջընթացի հիմնական տարրերին, ժամանակակից տնտեսագիտության, ինչպես նաև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին, պետություն-շուկա հարաբերություններին:
Վերջում Խաչատուրյանը պատասխանել է ուսանողների հարցերին: