ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին` Գոռն ամուսնացել է։ Հարսանիքը եղել է Դուբայում։ Տեղեկությունը հրապարակված է «Հրապարակ» օրաթերթում։
Հայտնում են, որ հարսանիքը եղել է երկու օր առաջ ու նշվել է մեծ շուքով։
«Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, և հյուրերի հետ մեկնել են Դուբայ` հատուկ չարտերային չվերթով օդանավ վարձելով»,– ասված է թերթում։
«Հրապարակի» տեղեկություններով` հարսնացուն ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Նշվում է, որ քավորն այս անգամ էլ չի փոխվել. «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է` Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։
«Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից ևս անդամներ են եղել։ Մասնավորապես`հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը` Մարիամին, որը, ականատեսների պատմելով, լավ պարել և ուրախացել է»,– հայտնում է թերթը։
Թամադան էլ հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերին, որ որևէ մեկը լուսանկար, տեսանյութ չտարածի համացանցում, որ հետո «նեղանալ» չլինի, և դա է պատճառը, որ հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղել։