ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում հաստատվել է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսով վարակվելու դեպք։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պացիենտի առողջական վիճակը բավարար է, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն»,-ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ պետք է աչալուրջ լինել, քանի որ գրիպի այս ենթաշտամերը բավական ագրեսիվ են խրոնիկ հիվանդություններ ունեցողների և մանկահասակ երեխաների համար։
«Ուստի ես ևս մեկ անգամ հորդորում եմ պատվաստվել գրիպի դեմ, քանի որ պատվաստանյութը ներառում է նաև H1N1 ենթատեսակի վիրուսի դեմ հակամարմիններ»,-ասաց Ավանեսյանը։
Նա հիշեցրեց, որ գրիպի դեմ առաջնային կարող են պատվաստվել մինչև 12 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցողները։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ին տեղեկացրել էր, որ Հայաստանում հաստատվել է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) վիրուսի հարուցիչ։