Հայ գերիների մարմիններից 5-ի դեպքում կան հաստատված փորձաքննության արդյունքներ․ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարը խոսել է զինծառայողների մարմինները նույնականացելու գործընթացի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերիների մարմիններից 5-ի պարագայում կան հաստատված փորձաքննության արդյունքներ, մյուսներինն էլ ընթացքի մեջ է։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ երբ գործընթացը լիովին ավարտվի, հավելյալ տեղեկություն կտրամադրվի։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո մարմինների նույնականացման թեմային (մի մասն արվել էր արտերկրում)` Ավանեսյանը նշեց, որ այդ գործընթացն ամբողջովին ավարտված է:
«Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների, հարազատների կողմից դեռ չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուրբ, բարդ թեմա է և որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»,-ասաց Ավանեսյանը։
Նա հավելեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հուղարկավորելու հետ։
«Մենք ևս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո հուղարկավորություններն իրականացնելու մասին միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք: Մենք պետք է հաշվի առնենք թե՛ հոգևոր, թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին:
Նշենք, որ հոկտեմբերի 20–ին Ավանեսյանը լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։