ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերագույն խորհուրդը` ամփոփելով խորհրդի ժողովի աշխատանքները։
Նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը զորակցում է Արցախի ժողովրդին իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Ազգային ժողովի հայտարարությունում։
«ՀՀ իշխանություններին կոչ ենք անում բոլոր ջանքերը գործադրել բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ։ Համազգային համախմբմամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր կորուստները և միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,–ասված է հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունում է միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։
Բացի այդ, կարևորվում է խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։
«Այս մարտահրավերների հաղթահարումը պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ»,–հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը։
Հոգևորականները հորդորում են աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի:
Խորհուրդը հայտնում է, որ մտահոգված են հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների առնչությամբ:
Հիշեցնենք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում նոյեմբերի 2-ին մեկնարկել էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որին մասնակցել է նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։