ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. G7 երկրները կոչ են արել երկարաձգել պարենային գործարքը։ Այդ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
«Մենք վճռականորեն սատարում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ երկարաձգել «պարենային գործարքը», որը հանգեցրել է պարենի համաշխարհային գների նվազմանը», - նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին համաձայնագրեր ստորագրվեցին ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու վերաբերյալ: Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Իր մասնակցությունը վերսկսելու մասին ՌԴ–ն հայտարարեց նոյեմբերի 2-ին։