ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մասնավորապես, կիրականացվի «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդեռլանդների Թագավորության կառավարության կողմից։
Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը:
Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով:
Ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ հասարակության համար: