Արմավիրի ողբերգական վթարից հետո հոսպիտալացվածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Հիվանդանոց
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը վիճակը ծանր է, մյուսինը` կայուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը, 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են մահացել, ևս 7–ը տուժել են։
«Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ վթարի վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գազելի» վարորդը։ Հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։