Ուզում եմ` ընկերներ մնանք. Գյումրիում բնակվող ռուսները նշում են Ազգային միասնության օրը

Գյումրիում նշվեց Ազգային միասնության տոնը
Նոյեմբերի 4-ը Ռուսաստանում նշվում է որպես Ազգային միասնության օր: Տոնի խորհրդով պայմանավորված՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ սպորտային փառատոն էր կազմակերպվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի ծառայողների երեխաներն այսօր հայ դպրոցականների հետ միասին մասնակցեցին Ազգային միասնության տոնին նվիրված միջոցառմանը։
Գյումրիում նշել են Ազգային միասնության տոնը
Միասին բակում խաղացող երեխաների համար, որոնք հեռու են քաղաքականությունից, սա խաղաղության ու ընկերության տոն է:
10 տարեկան Քսենյա Կուրգաևան Ստավրոպոլից է, ընկերուհին՝ 12 տարեկան Կամիլիա Ֆրանցուզևան` Կազանից: Նրանք ծանոթացել են Գյումրիում: Ընկերներից շատերը հայեր են: «Մայրիկս արդեն 12 տարի է` Հայաստանում է բնակվում: Հայաստանը շատ ենք հավանում, հատկապես խոհանոցը շատ եմ սիրում, խորովածը՝ առանձնահատուկ: Շատ ընկերներ ունենք, միասին սիրում ենք ժամանակ անցկացնել ու խաղալ: Ընդհանուր շատ բաներ ունենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կամիլիան։
Քսենյան ու Կամիլիան
Աղջիկները տոնի առթիվ միայն մեկ մաղթանք ունեն` խաղաղություն ու համերաշխություն, նրանք ուզում են, որ սահմանները բաց լինեն, միշտ կարողանան ազատ ճանապարհորդել:
«Իմ հայ ընկերուհին Գայանեն է, եթե վերադառնամ Ռուսաստան, հաստատ շատ կկարոտեմ նրան, ուզում եմ, որ խաղաղություն լինի ու մենք միշտ ընկերներ մնանք»,- ավելացրեց Քսենյան:
12–ամյա Ալեքս Ավետիսյանը Գյումրու թիվ 7 դպրոցում է սովորում: Նրա ընկերը՝ Վլադիմիրը, վերադարձել է Ռուսաստան. առանց ընկերոջ տխուր է ու դժվար, թեև սոցիալական ցանցերով միշտ գրում են իրար:
«Եթե ազգերը միասին լինեն, պատերազմներ չեն լինի, մարդիկ էլ խաղաղ երկրում ու խաղաղ երկնքի տակ կապրեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ալեքսը։
Ալեքս Ավետիսյան
Տոնի խորհրդով պայմանավորված՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել էր սպորտային փառատոն: Կենտրոնի Բարձրագույն կրթության ու ռուսաց լեզվի բաժնի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Գյումրու թիվ 30 դպրոցում անցկացվող միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզի թվով 8 և ՌԴ ենթակայության 2 դպրոցների 150 աշակերտներ: Երեխաներն իրենց ուժերը փորձեցին հինգ մարզաձևում: Տեղի ունեցավ լուսանկարչական ցուցահանդես՝ Ռուսաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով:
1 / 3

Սպորտային փառատոնի մասնակիցները

2 / 3

Սպորտային փառատոնի մասնակիցները

3 / 3

Սպորտային փառատոնի մասնակիցները