Թուրքիան և ՌԴ-ն որոշում են այն երկրների ցանկը, ուր մատակարարվելու է ռուսական հացահատիկը

Ցորենի հասկ. Արխիվային լուսանկար
Երթուղիների ու ցանկի հստակեցմամբ զբաղվում են ոլորտային գերատեսչությունները` Թուրքիայի և ՄԱԿ–ի համակարգմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան և ՌԴ-ն որոշում են այն երկրների ցանկը, որոնք ռուսական հացահատիկի և պարարտանյութի կարիք ունեն, աշխատանքը տարվելու է ՄԱԿ–ի համակարգմամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի է հայտնել իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցություններից ու Թուրքիայի և ՌԴ պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել «հացահատիկային միջանցքի» աշխատանքը վերականգնելու մասին։ ՌԴ ՊՆ–ն էլ երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը վերականգնում է մասնակցությունը պարենային գործարքին։
«Այժմ ռուսական կողմի հետ որոշվում է այն երկրների ցանկը, ուր գնալու է ռուսական հացահատիկն ու պարարտանյութը։ Երկու առաջնորդների վերջին հեռախոսազրույցների ընթացքում այդ հարցը քննարկվել է, երթուղիների ու ցանկի հստակեցմամբ զբաղվում են համապատասխան գերատեսչությունները ինչպես Թուրքիայի, այնպես էլ ՄԱԿ-ի համակարգմամբ։ Ջանքերն ուղղված են նաև ռուսական պարենամթերքի և պարարտանյութի արտահանման համար խոչընդոտների վերացմանը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Այն հարցին, թե կոնկրետ որ երկրներ են ուղղվելու ռուսական գյուղմթերքը, գործակալության զրուցակիցը նշել է, որ դրանք առաջին հերթին լինելու են Աֆրիկայի և կարիքավոր այլ երկրներ։