Ստոլտենբերգը ողջունել է «պարենային գործարքի» շարունակումը. նա շնորհակալ է Թուրքիային

Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը կարևորել է նոյեմբերի 18-ից հետո հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է «պարենային գործարքի» շարունակումը և շնորհակալություն հայտնել Թուրքիային այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու համար: Նա այդ մասին հայտարարել է Թուրքիայում կայացած ասուլիսի ժամանակ։
«Ես շնորհակալ եմ Թուրքիային և անձամբ նախագահ Էրդողանին Սև ծովով ուկրաինական հացահատիկի անվտանգ անցման շուրջ բանակցությունների համար, ինչը թեթևացնում է պարենի համաշխարհային ճգնաժամը։ Ես ողջունում եմ «հացահատիկային գործարքի» գործողության շարունակումը և այդ երթուղու պահպանման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա նաև կարևորել է նոյեմբերի 18-ից հետո հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվայի վերադարձը հացահատիկի գործարքին չի նշանակում, որ այն մեխանիկորեն կերկարաձգվի նոյեմբերի 18-ից հետո։ Ռուսական կողմի գլխավոր մտահոգություններից մեկը կապված է այն բանի հետ, որ չի իրականացվում փաթեթային համաձայնագրի երկրորդ մասը. ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված իրավիճակը դեռ չի կարգավորվում։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին համաձայնագրեր ստորագրվեցին ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու վերաբերյալ: Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։
Հոկտեմբերի 29--ին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Իր մասնակցությունը վերսկսելու մասին ՌԴ–ն հայտարարեց նոյեմբերի 2-ին։
Թուրքիան և ՌԴ-ն որոշում են այն երկրների ցանկը, ուր մատակարարվելու է ռուսական հացահատիկը