ՊՆ-ի հրաձգության դասերին մասնակցելու համար դիմել է 1500 մարդ. շուրջ 90%–ը կանայք են

Հաշվի առնելով մասնակիցների զբաղվածությունը` ՊՆ–ն դասընթացներն անցկացնելու է շաբաթ–կիրակի օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ է ներկայացրել 1500 քաղաքացի։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Հայտերը ներկայացվել են հոկտեմբերի 17-30-ը։
«Հրաձգության դասընթացները նախատեսել էինք զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար։ Հայտ ներկայացրած 1500 քաղաքացուց 1300–ը իգական, իսկ 200-ը` արական սեռի ներկայացուցիչներ են։ Այս փուլում առաջնահերթությունը տրվել է իգական սեռին։ Հրաձգության դասընթացը սկզբում կանցկացվի Երևանում, այնուհետև նախատեսված է, որ դրանք կլինեն նաև մարզերում»,– նշել է Թորոսյանը։
Հաշվի առնելով մասնակիցների զբաղվածությունը` ՊՆ–ն դասընթացներն անցկացնելու է շաբաթ–կիրակի օրերին։ Առաջին դասընթացը լինելու է նոյեմբերի 5-ին։ Դասընթացներին ապահովված են լինելու բոլոր հարմարությունները` հանդերձարաններ, բիոզուգարաններ, մասնակիցները կապահովվեն սննդով։
«Կենտրոնական հավաքակայանից մասնակիցները պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներով կտեղափոխվեն հրաձգարան։ Դասընթացը բաղկացած է լինելու մի քանի մասից` ծանոթացում զենքի կառուցվածքին, մարտավարատեխնիկական բնութագրի ուսումնասիրում, նշանառության, զենքի օգտագործման կանոնների, անվտանգության կանոնների ուսուցում, պահեստատուփերի լիցքավորում և լիցքաթափում, զենքի քանդում և հավաքում, կրակային դիրքի զբաղեցում։ Այս ամենին կհետևեն հրաձգության գործնական պարապմունքները, ծավալված ուսումնական տեղամասերում էլ կանցկացվեն առաջին բուժօգնության դասընթացներ»,– ասել է ՊՆ խոսնակը։
ԱԺ պատգամավորները և աշխատակիցները մասնակցել են հրաձգության դասընթացների
Դասընթացի տևողությունը նախատեսված է 4-8 ժամ` կախված տվյալ օրվա մասնակիցների քանակից։ Դրանք անցկացնելու են փորձառու զինվորականներ։ Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները խրախուսվելու են։
Թորոսյանը նաև շեշտեց` հավանական է, որ նման դասընթացները պարբերական բնույթ կրեն։