ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:
«Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին և գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց ու կոնկրետ հարցադրումներ արել»,–գրել է թերթը:
Ի դեպ, մինչև Արզումանյանին մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: