ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայել կառավարությանը։
«Վարչապետ Յաիր Լապիդը զանգել է ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին, շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և բոլոր գերատեսչություններին հանձնարարել է պատրաստվել իշխանության փոխանցման», - ասված է հաղորդագրության մեջ։
Լապիդը նշել է, որ պետությունը վեր է բոլոր քաղաքական ըմբռնումներից։ Նա հաջողություն է մաղթել Նեթանյահուին։
Նոյեմբերի 1-ին Իսրայելում տեղի են ունեցել վերջին երեք տարվա ընթացքում հինգերորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների 99%-ը և ամփոփել քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ այդմ` 25-րդ գումարման Քնեսեթի ամենամեծ խմբակցությունը կդառնա նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը:
Նրա ղեկավարությամբ կարող է ձևավորվել կոալիցիա, որում կլինի խորհրդարանական մեծամասնությունը` 65 պատգամավոր (խորհրդարանականների ընդհանուր թիվը 120 է)։ Գործող վարչապետի կուսակցությունը կունենա 45 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները` 10։