Հնարավոր է` Երևան–Մոսկվա–Բաքու եռակողմ հանդիպում կայանա նոյեմբերին

Դաշնային խորհուրդ
Դաշնային խորհրդում կքննարկվի Երևանի ու Բաքվի հետ միջխորհրդարանական երկխոսության խմբի ստեղծման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հաջորդ շաբաթ Դաշնային խորհրդում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության անցկացման համար բանակցային խմբի ստեղծման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ գործակալության աղբյուրի` բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում, չի բացառվում` անգամ նոյեմբերին, սակայն անցկացման վայրը դեռ որոշված չէ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։