Հայաստանի և Իրանի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Վահան Հունանյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Իրանի հարաբերությունները պատմական արմատներ ունեն և չեն սահմանափակվում միայն երկու երկրների իշխանություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանը նույն դիրքորոշումն ունեն մի շարք հարցերի վերաբերյալ, կողմերի միջև տարաձայնություններ չկան։ Այս մասին իրանական Mehr պարբերականին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հունանյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն երկար պատմություն, և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես կառավարություններով։
«Կարծում եմ՝ Իրանի հետ թյուրըմբռնում չունենք», – ասել է նա` հավելելով, որ Իսլամական հանրապետությունը Հայաստանի հիմնական գործընկերներից է։
Ադրբեջանի հետ խնդրին անդրադառնալով` Հունանյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում, այդ պատճառով էլ բանակցում է Ադրբեջանի հետ։ Սակայն Բաքուն միշտ առավելագույն պահանջներ է ներկայացնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թեհրանում էր, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել քաղաքական և տնտեսական համագործակցության վերաբերյալ։