Գործի դնել ԱՊՀ-ի ԱԽ վերլուծական ռեսուրսները մարտահրավերների բացահայտման համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ներկայիս հանդիպումը կնպաստի ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդները ժամանակակից բարդ և անկայուն միջազգային իրավիճակում պետք է մշակեն և թարմացման ռազմավարական պլանավորման փաստաթղթերը`գործի դնելով հնարավոր բոլոր հզորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մոսկվայում այսօր բացված ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 10-րդ հանդիպման մասնակիցներին Պուտինի ողջույնի խոսքն ընթերցեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Միջազգային իրավիճակն այսօր շարունակում է մնալ բարդ և անկայուն։ Այդ առիթով կարևոր է լիարժեք գործի դնել ձեր կառույցների հզոր վերլուծական ռեսուրսները ԱՊՀ տարածքում իրավիճակի բազմակողմանի վերլուծության և պոտենցիալ մարտահրավերների և ռիսկերի բացահայտման համար», – նշվում է ողջույնի խոսքում։
«Հենց այդ հիմքով պետք է մշակվեն և թարմացվեն ռազմավարական պլանավորման փաստաթղթերը, ընդունվեն պետական պատասխանատու որոշումները։ Նախևառաջ տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչության, ծայրահեղականությանը հակազդելու, թմրաբիզնեսի, ապօրինի միգրացիայի ոլորտում», – հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ներկայիս հանդիպումը կնպաստի ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը, նշանակալի փուլ կդառնա համատեղ բեղմնավոր աշխատանքի համար` ի բարօրություն համագործակցության երկրների և ժողովուրդների։