Դեպի ՌԴ արտահանումը երկու անգամ աճել է. նախարարը թվեր է ներկայացրել

Քերոբյանի խոսքով` աշխատում են, որպեսզի ՌԴ–ից բացի մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2022 թվականի հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1. 1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։ Այս մասին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը ներկայացրեց վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն 2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ կազմել է 2,778 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 74,1 տոկոսով։

«Ներմուծումը ԵԱՏՄ երկրներից կազմել է 1,67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7 տոկոսով»,– նշեց նա։

Քերոբյանը, առանձնացնելով ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը, նշեց, որ ՌԴ–ի հետ այն կազմել 2.642 մլրդ դոլար. արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը աճել է 55.3 տասնորդական տոկոսով։
Նախարարի խոսքով` ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս աճել է, օրինակ` Բելառուսի հետ 2,4 անգամ, Ղազախստանի հետ 2,6 անգամ, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.9 մնլ դոլար` նախորդ տարավ համեմատ աճել է 90, 8 տոկոսով։
«Աշխատանք ենք կատարել, որպեսզի ՌԴ–ից բացի մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանենք։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնելու հարաբերությունները ԵԱՏՄ մյուս անդամների հետ և դարձնելու ավելի համաչափ ԵԱՏՄ–ն իր կառուցվածքով և առևտրաշրջանառությամբ»,– նշեց Քերոբյանը` հավելելով, որ որոշակի արդյունքներ արդեն ունեն։
Նշենք, որ 2021 թվականին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ դոլար։