ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին շուրջ 165.6 մլն դոլարի վարկ կտրամադրի բյուջետային կարիքները համալրելու համար։ Համաձայնագիրը ձեռք է բերվել հիմնադրամի առաքելության հայաստանյան այցի արդյունքում։ Միջոցները հատկացվելու են Stand-By Arrangement (SBA) ձևաչափով, 3 տարի ժամկետով։ Համաձայնագրի նախագիծը կներկայացվի ԱՄՀ գործադիր խորհրդին, որն այն կքննարկի 2022 թ-ի դեկտեմբերին։ Վարկի գումարը կազմում է 128,8 մլն ՓՀԻ (շուրջ $165.6 միլիոն)։
Հայաստանում ԱՄՀ–ն 2022 թ.-ի արդյունքներով շուրջ 11 տոկոսանոց տնտեսական աճ է ակնկալում՝ մասամբ պայմանավորված երկիր արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքերով։ Հարկաբյուջետային արդյունքների գերակատարումը և դրամի արժևորումը նպաստել են պետական պարտքի զգալի նվազմանը, ինչն այս տարի ակնկալվում է, որ կիջնի մինչև ՀՆԱ-ի 51 տոկոսը 2021 թվականին արձանագրված 60.3 տոկոսից։ Դրա շնորհիվ ավելացել են նաև միջազգային պահուստները։
Հայաստանում գնաճը պայմանավորված է փոխարժեքի աճով և պարենամթերքի համաշխարհային բարձր գներով, սակայն սրա դեմ պայքարում ԿԲ–ն 2020 թվականի դեկտեմբերից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6,25%–ով մինչև 10,5%։ Կրճատելով վարկային միջոցների հասանելիությունը և (անուղղակիորեն) ապրանքների և ծառայությունների պահանջարկը` ԿԲ–ն ուզում է գնաճը մինչև 2022 թվականը վերադարձնել 4% (ներկայումս 9,9%) թիրախային մակարդակի։
Ակնկալվում է, որ 2023 թ.-ին տնտեսական աճի տեմպը կդանդաղի՝ արտացոլելով արտաքին ավելի թույլ պահանջարկը և համաշխարհային ֆինանսական ավելի խիստ պայմանները։ Իսկ միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի 4-5 տոկոս միջակայքում։
ԱՄՀ–ում կարծում են, որ ելնելով խիստ անորոշ հեռանկարից ՝ անհրաժեշտ է, 2023 թ. -ի բյուջեում խուսափել պահանջարկի ավելորդ ճնշումներ ստեղծելուց։ Բյուջեի փաթեթի շրջանակում առաջնահերթությունն անհրաժեշտ է տալ բարձրորակ ծախսերին և սոցիալական ապահովության ցանցի հզորացմանը։ Կապիտալ ծախսերի ավելացմանն անհրաժեշտ է օժանդակել հանրային ներդրումների կառավարման գործընթացի բարեփոխումների ընդլայնմամբ՝ ռազմավարական, թափանցիկ և հետևողական ծրագրերի ընտրություն և ժամանակին ու արդյունավետ իրականացում ապահովելու համար։
Ողջունելի են նաև կառավարության ծախսերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման, հանրային ֆինանսների կառավարումը բարելավելու, ավելի որակյալ հանրային ներդրումների ապահովման ծրագրերը։ Կապիտալի շուկայի զարգացումը խթանելու և ֆինանսական ներառումը խորացնելու ջանքերը կշարունակեն մեծացնել դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի արդյունավետությունը։
Հիշեցնենք, օրեր առաջ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել 100 մլն դոլարի ևս մեկ բյուջետային վարկի մասին, որտեղ համավարկատուներ են հանդիսանում Ասիական զարգացման բանկը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ 2019 թվականին կառավարությունը որոշել էր հրաժարվել ընդհանուր աջակցման բյուջետային վարկերից (և պարտք վերցնել միայն թիրախային ծրագրերի համար), սակայն 2020 թվականին ճգնաժամային իրավիճակի պատճառով այդ որոշումը ստիպված եղան փոխել։