Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները ներկայացրել է Նիկոլայ Պատրուշևին

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարները նաև անդրադարձել են երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են