Արմավիրում ավտովթարից տուժած անձանցից 2-ին տեղափոխել են Երևան

Շտապօգնության մեքենա
Տուժածներից 5-ն այս պահին դեռ հետազոտվում են Արմավիրի բուժկենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 7–ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տուժածները տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան»,– ասված է հաղորդագրությունում։
Տուժածներից 5-ն այս պահին դեռ հետազոտվում են Արմավիրի բուժկենտրոնում, նախնական ախտորոշմամբ` նրանք ունեն վերջույթների սալջարդ։
Հիշեցնենք` ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը: Հաղորդագրությունում նշվում էր, որ վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, 5-ը` տուժել։