Արարատ Միրզոյանն ասաց` ում սուվերենության տակ են լինելու ապաշրջափակվող ճանապարհները

Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում
Արարատ Միրզոյանը ԱԺ–ում խոսեց տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդրի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են դրանք։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2023 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը։
«Վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այս հարցը»,– նշեց նա։
Միրզոյանը վստահեցրեց, որ տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և շատ կարևոր մաս համապարփակ կարգավորման համար։
Մյուս դետալները, ըստ նախարարի, դեռ քննարկվում են:
«Պետք է արձանագրեմ հայկական կողմի կառուցողականությունն ու ադրբեջանական և հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»,- նշեց նախարարը:
Այս հարցով մյուս մանրամասների համար նա խորհուրդ տվեց դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: