Ադրբեջանը շահագրգռված չէ հարցի իրական լուծմամբ. Գրիգորյանը` տրանսպորտային միջանցքի մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հարցի նկատմամբ չի փոխվել։ Ադրբեջանական կողմը, սակայն, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ։
«Մի խոսքով` շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում»,– ասել է նա։
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը»,– նշել է Գրիգորյանը։
ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը։
«Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել»,– նշել է ՀՀ ԱԽՔ–ը։
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար` տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից։
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցում էր ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային միջանցքի նախագծի վրա. Չավուշօղլու